Արմեն Թութունջյանը ծնվել է 1944 թվականի հունվարի 28-ին: Տեխնիկական կրթություն ունենալով հանդերձ` նա կարողացավ ստիպել ինքն իրեն ստանալ նաև երաժշտական բարձրագույն կրթություն:
Թմբկահարել նա սովորել է ինքնուրույն` առանց որևէ մեկի օգնության: Պատանեկության տարիներին նրա կուռքը Ռոբերտ Ալեքսանդրի Յոլչյանն էր` կոմպոզիտոր Արտեմ Այվազյանի ղեկավարած ԽՍՀՄ առաջին ջազ նվագախմբերից մեկի թմբկահարը: Հենց այդ տարերքը վճռական հանդիսացավ Թութունջյանի հետագա ճակատագրի համար: Նա սկսեց նվագել կոնտրաբասիստ Արթուր Աբրահամյանի եռյակում:
Ավելի ուշ չորս համախոհներ հիմնեցին մեկ այլ կազմ` Երվանդ Երզնկյան(բաս), Ալեքսանդր Զաքարյան (սաքսոֆոն), Լևոն Մալխասյան (դաշնամուր) և Թութունջյանը: Այդ կազմով նրանք բավական երկար և հաջող էին ելույթ ունենում: Լինելով երիտասարդական սրճարանների, ուսանողական երեկույթների հաճախակի հյուրեր` երաժիշտները շատ արագ վերածվեցին այն ժամանակվա երաժշտական Երևանի կուռքերի: Նրանք հյուրախաղերով շրջեցին գրեթե ողջ Խորհրդային Միությամբ, մասնակցեցին Դոնեցկում, Յարոսլավլում, Թբիլիսիում, Վորոնեժում, Կույբիշեվում կայացած համամիութենական ջազ փառատոնների: Մի քանի անգամ երևանյան քառյակը համարվել է լավագույնը, իսկ Թութունջյանն` ինքը, արժանացել է "լավագույն թմբկահարի" կոչմանը: Կայացել են ելույթներ նաև այլ նվագախբերի կազմում` "Կռունկ", "Երիտասարդություն", "Հայաստանի վիրտուոզներ": 80ականների կեսերից նրան հրավիրեցին Կ. Օրբելյանի ջազ նվագախումբ: Հանրահայտ նվագախմբի կազմում նա մեկնեց աշխարհի տարբեր երկրներ: Իսկ երբ մաեստրո Կ. Օրբելյանը հանդես եկավ իր հրաժեշտի համերգով, հենց Թութունջյանին հրավիրեցին նվագախումբ` որպես թբկահար:
1992թ.-ին Արմեն Թութունջյանը հիմնեց սեփական "Chico & Friends" խումբը, որի հետ սկսեց ելույթ ունենալ Երևանի զանազան ակումբներում և բարերում: Այս կազմի "միջով են անցել" արդի Հայաստանի հայտնի ջազ երաժիշտները` Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Արսեն Ներսիսյանը, Տիգրան Պեշթմաջյանը: Դա ստեղծագործական յուրատիպ հնոց էր… Հաջող գործունեությունից մի քանի տարի անց խումբը մեկնեց Շվեդիա` հյուրախաղերի: Չնայած, որ երաժիշտները հեռանում էին և չէին վերադառնում, այնուամենայնիվ, խումբը եղել և մնում է` որպես երևանյան ջազ բեմի ամենաակտիվ խմբերից մեկը: Այն փայլուն հաջողությամբ ելույթ է ունեցել Երևանի Առաջին ջազ փառատոնի և բազմաթիվ այլ խոշորագույն միջոցառումների ժամանակ: Խումբը թողարկել է նաև սոլո ալբոմ, որը ձայնագրվել է 2001թ.-ի վերջին: Զուտ կատարողական գործունեությունից բացի, Թութունջյանը մշտապես հետաքրքրվել է ուսուցողական գործունեությամբ: Նրա բազում սաներ այսօր նվագում են տարբեր կազմերում: 1994թ.-ին նա ստացավ որակավորման բարձրացման դրամաշնորհ և մեկնեց Berklee School of Music` վերապատրաստման:
Հենց Թութունջյանը դարձավ Հայաստանում առաջին FM ռադիոկայանի առաջին ջազ հաղորդավարը: 1998թ.-ին նա պատրաստեց ջազին նվիրված հաղորդաշարեր ամենահանրահայտ հեռուստաալիքներից մեկում:
Այսօր Արմեն Թութունջյանն ունի իր մշտական հաղորդումը հայկական հեռուստատեսության կենտրոնական ալիքով: Թութունջյանը հարվածային գործիքների արվեստ է ուսուցանում Երևանի կոնսերվատորիայում, իսկ խումբը կրկին վերելք է ապրում: 2008թ.-ի փետրվարին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նրան շնորհեցին Հատուկ մրցանակ` Հայաստանում ջազի ոլորտում ծավալած երկարամյա գործունեության համար:
